Հետևեք մեզ։

Միջազգային դատական համակարգը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություն կատարածների պատիժը, ոչ ոք օրենքից վեր չէ. Միրզոյան

17:08, 08 փետրվար 2024
Միջազգային դատական համակարգը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություն կատարածների պատիժը, ոչ ոք օրենքից վեր չէ. Միրզոյան

1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։

 

Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության:

 

Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

 

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը»,-ասել է նա։