Հետևեք մեզ։

ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում, արարքը պարունակում է հանցակազմ․ Արման Թաթոյան

17:14, 11 փետրվար 2024
ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում, արարքը պարունակում է հանցակազմ․ Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Այսօր Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված երեկվա, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ, որին հենց երեկ անդրադարձել էի:
Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:
Առավել կոնկրետ`իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:
Այսինքն` կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին` հօգուտ քաղաքական իշխանության շահերի:
Փոխարենը` ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով` վկայակոչելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններր դադարեցումն այն պայմաններում, երբ յուրայինների կողմից նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են ունենում»: