Հետևեք մեզ։

Տեղահանվածները ամենաշատը կարոտում են հարազատների գերեզմանները․ Եռաբլուրում կառուցվում է «Արցախի կանչը» հուշահամալիրը

13:43, 21 նոյեմբեր 2024
Տեղահանվածները ամենաշատը կարոտում են հարազատների գերեզմանները․ Եռաբլուրում կառուցվում է «Արցախի կանչը» հուշահամալիրը

 


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող եռախորհուրդ հուշահամալիրի կառուցման աշխատանքը, որը հավերժացնելու է Արցախում թողնված հերոսների, մեր հայրերի, պապերի, քույրերի ու եղբայրների, ինչպես նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով անմեղ զոհ դարձած հայրենակիցների հիշատակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՆԳՆ նախկին խոսնակ, լրագրող Հունան Թադևոսյանը։


«Նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների, ապա և էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված մեր հայրենակիցները հեռվից հեռու ամենաշատը կարոտում են Արցախում հուղարկավորված հարազատների գերեզմանները։ Հուշահամալիրն իր կառուցվածքով լինելու է ուխտատեղի՝ բոլոր արցախցիների համար։


Պատահական չի ընտրվել հուշահամալիրի կառուցման վայրը։ Եռաբլուրը հայ ժողովրդի համար սրբատեղի է։ Սեպտեմբերի 24-ին այստեղ կատարվեց համալիրի հիմնարկեքը՝ ձեռամբ Արցախի հոգևոր թեմի առաջնորդի։ Շինարարական աշխատանքները համակարգում է Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Երեկ տեղի ունեցած շրջայցի ընթացքում շինարարության պատասխանատուները տեղեկացրել են արված և նախատեսվող աշխատանքների մասին։ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատանքը սեղմ ժամկետներում ավարտելու կարևորության մասին, հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը։ 


Զոհված հերոսների հարազատները ողջունել են այս նախաձեռնությունը, շեշտել, որ սա ուղերձ է արցախցի հայրենակիցներին, որոնք կունենան իրենց սգալու, ծաղիկներ խոնարհելու և խնկարկելու տեղը։ 


«Նրանք, ովքեր իրենց զավակներին հուղարկավորել են Արցախում, գալիս են մեր որդիների շիրիմներին են ծաղիկներ տեղադրում, ողբում իրենց վիշտը, փոքր ինչ թեթևացած գնում։ Դա մի առանձին ողբերգություն է, որ չես կարողանում բառերով սփոփել, հանգստացնել։ Համոզված եմ, որ «Արցախի կանչը» միավորելու է մեր բախտակից քույր-եղբայրներին»,-ասում է հերոսի մայր Ադելինա Ավետիսյանը։


Հուշահամալիրում արդեն ավարտվել է հողային-հարթեցման աշխատանքը, ներկայում սկսվել է բետոնային փուլը։ Զուգահեռ՝ կատարվում է խորհրդանշական խաչքարերի քանդակման աշխատանքները։ 


Հիշեցնեմ, «Վշտի մեջ դուք մենակ չեք» ուղերձով՝ «Արցախի կանչը» հուշահամալրի կառուցման նախաձեռնությունը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանինն է, որին ընդառաջել է մեր հայրենակիցներից մեկը, հանձն առնելով ֆինանսավորել կառուցման ողջ ծախսերը, սակայն իր իսկ ցանկությամբ նրա անունը չենք գրառում»,- գրել է նա։