Երևանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ են ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք։
Այնուհետև Շինարարների միության 5-րդ համագումարը հաստատել է նոր կանոնադրության նախագիծը, տեղի է ունեցել նաև խորհրդի նոր կազմի ընտրություն։
Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։
Վահան Հարությունյանը 2009 թվականից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: