Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Հորդանանը Ադրբեջանի ճնշմամբ հետ է կանչել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պատմում է արցախցի երեխայի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Ֆիլմը արգելվել է ցուցադրել նաև Հորդանանում։
«Հետքը» զրուցել է «Տունս քաղցր ա» ֆիլմի ռեժիսոր, հորդանանահայ Սարին Հայրապետյանի հետ, որն այժմ ԱՄՆ-ում է: Նա աշխատանքներ է տանում ֆիլմը «Օսկարի» «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։
Ինչպե՞ս Հորդանանը «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը առաջադրեց «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Ֆիլմը Ամերիկայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի եւ Հորդանանի համատեղ արտադրություն է։ Պրոդյուսերը հորդանանցի Ազա Հուրանին է։ Այս տարվա հուլիսին Հորդանանը մեզ հրավիրեց մասնակցելու Ամմանի միջազգային կինոփառատոնին, որտեղ արժանացանք ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Ունեցանք շատ հաջող ցուցադրություններ, սրահները լեցուն էին հայ եւ արաբ հանդիսատեսով, բոլորը շատ ազդված էին Վրեժի եւ Արցախի պատմությունով, որովհետեւ իրենց՝ Հորդանանի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի երեխաների պատմությունները շատ նման են Արցախի երեխաների պատմությանը։ Այս ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Հորդանանում։ Այնպես, որ ֆիլմը Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի կողմից ընտրվեց որպես «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը Հորդանանից ներկայացվող ֆիլմ։
Իր ուղարկած ֆիլմը Հորդանանը հետ կանչեց «Օսկարից», ո՞րն էր պատճառը։
Նոյեմբերի սկզբին ամերիկյան կինոակադեմիայից մեյլ ստացանք, որ մեր հայտը չեղարկվել է։ Կապվեցինք Հորդանանի կինոհանձնաժողովի հետ և իրենք մեզ բացատրեցին, որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել Հորդանանին և Հորդանանը որոշել է հետ կանչել ֆիլմը։
Մենք այդ լուրը ստանալուց հետո, անշուշտ, շատ նեղվեցինք, բայց ուժերը հավաքեցինք եւ որոշեցինք, որ Արցախի մասին պատմող մեր ֆիլմը պետք է ավելի շատ տարածենք, ավելի շատ ցուցադրենք։
Եղածը միայն ավելի ամրապնդեց այն համոզումը, որ մեր արած գործը կարևոր է, անելու ենք մեր կարողությամբ ամեն ինչ, որ աշխարհի ամեն ծայր հասնի Վրեժի եւ Արցախի մասին պատմող ֆիմը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։