Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից:
«Այս ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի և այս համատեքստում շատ ենք կարևորում, օրինակ, թանգարանային միջավայրում կրթական յուրակերպ գործընթաց կազմակերպելու և հենց այդ միջավայրից գիտելիք ստանալու հնարավորությունը: Մենք անհրաժեշտություն ունենք փոխելու մեր վերաբերմունքը թանգարանային գործունեության նկատմամբ, որովհետև թանգարանը կենդանի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է և այցելուներին փոխանցում է որոշակի հետազոտական գաղափարներ, ցուցանմուշների ներքին կապի մասին գիտելիքներ»,- ասել է նախարարը:
Աշակերտները, պատմելով իրենց տպավորությունների մասին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության վերաբերյալ, նշել են, որ այն դրական հույզեր ու հպարտության զգացում է պարգևել՝ կարևորելով հայկական մշակույթը հնարավորինս հանրահռչակելու հանգամանքը: Նրանց հատկապես տպավորել են ցուցադրության ներքին ժամանակագրական կապը, հայ կնոջ կերպարը տարբեր դարերում և, առհասարակ, Պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների արժեքայնությունը:
Անդրադառնալով նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությանը՝ անդամներն առաջարկել են իրենց մասնակցությամբ հաճախակի հանդիպումներ կազմակերպել ՀՀ տարբեր դպրոցներում՝ աշակերտներին հուզող խնդիրները վեր հանելու, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու և տարբեր հարցերում աջակցելու նպատակով: