ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:
Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մեկնարկը:
Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ համընդհանուր ներառականությունը ՀՀ կառավարության ռազմավարության կարևոր կետերից մեկն է, և այն պետք է ապահովվի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում:
««Կողք կողքի» փառատոնն ունի խոսուն անվանում. այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ մեկ հարթակում ձեռք ձեռքի հանդես են գալու անվանի երաժիշտներն ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները»,- ասել է Դանիել Դանիելյանը:
«Փառատոնը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում զարգացման տարբեր կենտրոններին ներկայացնելու ամբողջ տարվա աշխատանքները: Փառատոնի շրջանակում միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են»,- տեղեկացրել է փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը:
Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Օրը պատահական չէ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր։ Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Սարգիս Բալբաբյանը կարևորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համատեղ ելույթը: Նվագախմբի տնօրենի խոսքով՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն հանդես գալու նվագախմբի հետ նույն բեմում, այլև իրականացնելու նրանց երազանքները: