Հետևեք մեզ։

Մի օր աղջկաս մարմինը տանելու եմ Արցախ՝ պապենական գերեզմանատուն, ես ուզում եմ հավատալ բնության ուժին․ Ալվարդ Սաֆարյան․ 168․am

15:55, 02 դեկտեմբեր 2024
Մի օր աղջկաս մարմինը տանելու եմ Արցախ՝ պապենական գերեզմանատուն, ես ուզում եմ հավատալ բնության ուժին․ Ալվարդ Սաֆարյան․ 168․am

2023 թվականն արցախցի Դադայանների համար կրկնակի ողբերգական տարի էր, նախ Հայաստանում ավտովթարից զոհվեց նրանց երիտասարդ աղջիկը՝ 21-ամյա Հելեն Դադայանը, այնուհետև սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախի բռնի հայաթափումը, գրում է 168․am-ը։

 

«Հելենն Արցախից էր, Ճարտարի քաղաքացի էր, սովորում էր Երևանում։ 2023 թվականի օգոստոսի 14-ին Հելենը և մի խումբ մարդիկ Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդությունից վերադառնալիս Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում ավտովթարի զոհ են դառնում. Այդ ավտովթարը խլեց 11 մարդու կյանք։Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում Հելենի ընտանիքը երկար ժամանակ պայքարեց, որպեսզի աղջկա մարմինը տեղափոխեն հայրենի Ճարտար և այնտեղ հուղարկավորեն, սակայն Ադրբեջանը թույլ չտվեց, և Հելենին հուղարկավորեցին Հայաստանում։

 

Հելենի մայրը՝ 62-ամյա Ալվարդ Սաֆարյանը, հույսը չի կորցրել, որ մի օր Հելենի մարմինը տանելու են և հուղարկավորեն Ճարտարի պապենական գերեզմանոցում։

 

«Միշտ մտավախություն ունեի, որ աղջկաս մարմինն Արցախ չտանելը նշանակում էր Արցախ չունենալ։ Բայց հավատս չեմ կորցնում, որ մի գեղեցիկ օր աղջկաս մարմինը տանելու եմ պապենական գերեզմանատուն… իմ Արցախը կունենամ։ Գուցե մարդիկ ասածներս թերահավատորեն ընդունեն, հավատան կամ ոչ, միևնույն է՝ ինչպես կընդունեն, բայց ես ուզում եմ հավատալ բնության ուժին, որը երբևէ պիտի գործի։

Վախենամ՝ բումերանգը մի քիչ հեռուն է գնացել, ու հետվերադարձն անպայման կլինի։ Այնպես չէ, որ արցախցին, ես կամ որևէ մեկը երբևէ պատկերացրել է, որ պետք է բռնի տեղահանվի, պիտի երբևէ կոչվի տնավեր, գաղթական, փախստական։ Մենք այս ամենին պատրաստ չէինք, սա կփաստեն հազարավոր արցախցիներ, որոնք այսօր վարձով մի տնից տեղափոխվում են վարձով մեկ այլ տուն, մեկ վայրից՝ մեկ այլ վայր, աշխատանք են փնտրում»,- 168.am հետ զրույցում ասաց Ալվարդ Սաֆարյանը։

 

Տիկին Ալվարդն այսօր ընտանիքի հետ վարձով  բնակվում է Երևանում, 39 տարվա աշխատանքային փորձով մանկավարժ է։ Արցախի տարբեր դպրոցներում ու վարժարաններում տարիներ շարունակ ֆիզիկա է դասավանդել։ Սակայն այսօր Երևանում աշխատանք չի գտնում, շատերը երիտասարդ ու ժպտերես ֆիզիկայի ուսուցիչ են ուզում, հատկապես՝ երեխաների հետ դասապատրաստման կենտրոններում։

 

Ցավով է արձանագրում, որ այսօր տեռոր է սկսված ոչ միայն ազգայինի, այլև գիտելիքի դեմ։ Եվ այստեղից սկսում է մտածել՝ գուցե կապիտալիստական երկրում է ապրում, որտեղ ռոբոտներին ավելի են նախընտրում, քան մարդուն։

 

Տան վարձն ու օրվա կարիքները հոգում են ամուսնու աշխատանքի և թոշակի միջոցով, ինչպես տիկին Ալվարդն է ասում՝ մի կերպ գոյատևում են։

 

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում նշանակություն են տալիս ձևին, ոչ թե բովանդակությանը, իսկ այդ ձևի մեջ հայը, առավել ևս՝ արցախահայերը, չեն կարող մնալ։

 

«Սրա մասին է խոսում այն, որ արցախցիները գնում են Հայաստանից, նաև հայաստանաբնակներն են գնում, որովհետև չեն կարողանում տեղավորվել այդ ձևի մեջ, ձևը իմ ժողովրդին չի պահում։

 

Մեզ հետ տեղի ունեցած երևույթն անօրեն էր, գուցե բնությունն էլ այդպես չէր կանխատեսել մեր նկատմամբ, փոփոխական աշխարհի վրա չէր երևացել մեր փոքր, անզոր լինելը։ Բայց մեր անկոտրում լինելը, «կողահաստությունը» երևացել է, որ արցախցին կապված է իր հողի հետ։ Արցախցին չի կարող պոկվել իր հողից, դրա համար եղավ բլոկադա կոչվածը, վստահ ասում եմ՝ արցախցին կարող էր դիմանալ, բայց նրան բռնի ուժով հանեցին իր հողից»,-գրում է կայքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները