Սույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի անց, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ տեղի կունենա Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը: Մինչ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 18։00-ին տեղի կունենա եկեղեցու նավակատիքի արարողությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 15։00-ին Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց ուխտերթով շարժվելու դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ մասնակից դառնալու նավակատիքի արարողությանը։
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի ու վերաօծման արարողություններին։