Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին

16:58, 05 դեկտեմբեր 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

 


Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։ 
Հայոց Հովվապետն իր գոհունակությունն արտահայտեց երկուերկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները  և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։ 

 


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:

 


Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները