2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով:
Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին:
Ելույթներով հանդես եկան Հռոմի համայնքի խորհրդական Ֆեդերիկո Ռոկկան, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անունից պատգամավոր Անդրեա Կազուն, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ, Azione քաղաքական ուժի անդամ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն: Ներկա էր պատգամավոր Ֆեդերիկա Օնորին:
Իտալացի գործիչները խոսեցին հիշողության և զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման անհրաժեշտության, Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների դատապարտման կարևորության, Իտալիայի հայ համայնքի դերի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի, հայ մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին:
Միջոցառումը ուղեկցվում էր Հռոմի Լազարյան ճեմարանի սաների կողմից հոգևոր երգերի կատարմամբ: Ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Հռոմ քաղաքի բնակիչներ: