Մարդու վայր ընկնելու հիմնական պատճառը իրականության զգացումը կորցնելն է։ Երբ մարդիկ մոռանում են, որ ամեն բան հարաբերական է ու փոփոխական, երբ բացարձակեցնում են իրենց, հավատում միայն իրենց, իրենց մեջ տեսնում միայն լավը, երբ կորցնում են իրենց հնարավոր վրիպումը գտնելու, սխալը խոստովանելու ունակությունը, կործանվում են։ Այդպես են հեղինակազրկվում, պարտվում, ապա կործանման ճամփան բռնում նաև իշխանությունները, քանի որ այս արատավոր զգացումները վերացնում են իրենց վարքուբարքի մասին հաշիվ տալու կարողությունն ու պատժվելու վախը։
Անկեղծ՝ երբեմն ոգևորվել կարելի է Նիկոլ Փաշինյանի ինքնաքննադատությունից։ Հասարակության մեջ ու իշխանության տարբեր օղակներում առկա խնդիրները նա երբեմն շատ ճիշտ ներկայացնում է։ Դժվա՞ր է, չէ՞, չհամաձայնել ու ասել, որ օրինակ Հայաստանում վարորդները լավն են, երթևեկության մշակույթ կա, վարորդական վկայականները իսկական են, դիպլոմների տերերն արժանի են դրանց, մարդիկ կիրթ են և այլն․․․ Բայց, երբ հերթը հասնում է այս ամենը վերացնելուն, հիասթափությունը չի ուշանում, անմիջապես հասկանում ես, որ Փաշինյանի այդ խոստովանությունը անճարի վաղաժամ նախընտրական քարոզարշավ է, ու քանի որ միշտ չի ստացվում ամեն բան բարդել հների վրա, պետք է մեկ-մեկ կառավարության նիստին հրապարակախոսությամբ զբաղվել, ասել, որ բոլոր նախարարարներն ապիկար են, ստանալ նրանց գլխով համաձայնություններն ու ուղարկել օրը նույն կերպ շարունակելու։
Երկու օր առաջ Նոր Նորքի թաղապետի լկտիությունների մասին մանրամասն խոսվել է և այդ պատմությունը ցայտուն ապացույց է, որ Հայաստանում կատարվում է հենց Փաշինյանի ելույթների հակառակը, դա կատարվում է մերձփաշինյանական պաշտոնյաների կողմից, իսկ Փաշինյանը գոնե չի վիրավորվում, որ պաշտոնյաները թքած ունեն իր մոտեցումների վրա, ավելին նա ու իր թիմը թույլատրում են դա։ Նոր Նորքի թաղաապետը ակտիվիստին հայհոյել էր, իր իսկ խոստովանությամբ, միայն նրա համար, որ նա մանկապարտեզի վերանորոգման ընթացքը կամ ավարտը, կամ դրա լավն ու վատը սխալ էր ներկայացրել։ Մի խոսքով՝ Փաշինյանի հետևի գրպանում տեղավորված «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող թաղապետը հաստատ թքած և ոչ միայն թքած ունի Փաշինյանի ու նրա կնոջ նորաձև այցերի, դրանց ընթացքում կարդացած տողերի, դրանց փիլիսոփայական իմաստի վրա ու հայհոյել է, հայհոյում է ու հայհոյելու է նրան, ով կհամարձակվի իր աշխատանքը սխալ քննադատել։ Հաջորդ օրը Նոր Նորքի թաղապետը իր ընդունարանում ձայներ է լսում, դուրս գալիս ու վայրենաբար հարձակվում ծեծվողի վրա հենց նույն ժամանակ, երբ երկրի վարչապետը պետության երկրորդ ամենակարևոր դահլիճում քննադատում է այդ բարքերը։ Նա թքած ունի նաև կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի քարոզած բարքերի վրա ու հրապարակավ ասում է, որ ինքը նաև տղա է, ճիշտ է արել, լավ է արել, ու բացատրում է, որ լավ տղու բարքը քննադատողին հայհոյելն է, հետո նրան թաղապետարանում վատ տղա ասելը, իսկ նույն պատասխանն ստանալուց հետո ծեծելը։ Լավ տղա է թաղապետը, թե ոչ, այնքան էլ միանշանակ չէ, որովհետև դրա լավը մի ժամանակ այլ բնորոշում ուներ նաև այն բարքերի մեջ, որոնց հավատարմություն է փորձում ձևացնել թաղապետը։ Նա ակնհայտորեն լավ չգիտի ոչ միայն «տղու», այլ նաև ուրիշ շատ բաների լավն ու վատը։ Ես, օրինակ, սկսել եմ մտածել, տեսնես վաշխառուական պատմությունները, լավ պատմություննե՞ր են։ Բայց չշեղվենք թեմայից․․․
Տրամաբանական կլիներ, որ Փաշինյանը, ատելով հանդերձ Արթուր Չախոյանին, վիրավորվեր, որ իր խոսքին զուգահեռ դրա վրա ինչ ասես անում է իր տեղադրած պաշտոնյան ու նրան դուրս շպրտեր կաբինետից։ Բայց դա տեղի չի ունենա, քանի որ Նիկոլ Փաշինյանը սովորական սուբյեկտիվ, իրավիճակային շահերին գերի մնացած մարդ է, ով կարող է կոչ անել լուսանկարել սրճարաններում ծխող պաշտոնյաներին ու ուղարկել իրեն, բայց ուղիղ եթերում թաղապետի լկտիությանը, իր խոսքերի վրա ցեխոտ ոտքերը մաքրելուն ոչ միայն չի արձագանքում, այլ նաև խրախուսում է փաստացի։ Այո, Փաշինյանը, ժամերի տարբերությամբ քննադատել է փողոցային բարքերը, ապա խրախուսել դա։ Փաշինյանի լրատվականն է խոսափող տվել մի կնոջ կողմից տունը կորցնելու, ապա այդ պատճառով ինքնասպան լինելու պատմության մեջ կասկածվող հերոս թաղապետին, որպեսզի նա առանց վախենալու, որ Աննա Հակոբյանի նորաձևության ակցիային հակառակ է գործում, բացահայտ հայտարարի, որ հայհոյել է ու հայհոյանքը վերահաստատում է։
Այսպիսով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պրոպագանդում են հենց թաղապետի հայհոյանքը։ Իսկ այդպես է ստացվում նաև հայհոյանքի հաջորդ օրվա խուլիգանությանը իշխանության արձագանքի հիման վրա։ Նախ ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ ծեծված ակտիվիստը ձերբակալվեց, իսկ բոլորի աչքի առաջ ակտիվիստին հարվածներ հասցնող թաղապետը չձերբակալվեց։ Երեկոյան արդեն Փաշինյանի կուսակցությունը՝ ՔՊ ավագանին, հայտարարություն տարածեց, որում գրեթե անթաքույց միացավ թաղապետի հայհոյանքներին ու դրանք ուղղեց իրավապահներին՝ մեղադրելով, թե ինչո՞ւ նրանք ակտիվիստին դրա նախորդ օրը չէին ձերբակալել։ Հասկանո՞ւմ եք, վեճը զսպելու փոխարեն աշխատասենյակից գազազած դուրս վազող ու ակտիվիստին հարվածներ հասցնող թաղապետի մասին ընդամենը ասվեց, որ իրենք դեմ են բռնությանը․․․ դե դժվար էր ասել, որ կողմ են, բայց ասվեց, որ մեղավորը ոչ թե պաշտոնյա կոչվելու իրավունք չունեցող թաղապետն է, այլ ակտիվիստը, ով պատասխանել է իրեն ասված «դու լավ տղա չես»-ին ու ծեծվել և իրավապահները, որ նրան նախորդ օրը չէին ձերբակալել։
«Քաղաքացիական պայմանագիրը» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրավապահները պետք է բռնեն, բանտարկեն իրենց քննադատողներին, որ իրենք չգազազեն ու կռվի մեջ չընկնեն։ Նրանք արդեն պաշտոնական հաղորդագրությամբ են ասում, որ իրենց հայհոյողին պետք է բանտարկել, իսկ իրենք պետք է ծեծեն, հայհոյեն, բայց դատախազը, քննիչն ու ոստիկանը պետք է ամիսներով ուսումնասիրեն տեսանյութը, այդպես էլ չտեսնեն, թե ինչպե՞ս է թաղապետը հարվածում, բոլորին ձերբակալեն, բացի նրանից, հետո դատախազն Ազգային ժողովում, ի պատասխան խտրական մոտեցումների մասին հարցի, պետք է բռնաբարի իր մասնագիտությունը՝ արդեն չթաքցնելով, որ իր դիպլոմի հետ էլ ինչ-որ բան այն չէ, ապա նրա քիփ ու միաժամանակ ՄԻՊ ընկերուհին, ով նրա պես վարպետաց դասեր է տալիս, հուսամ գոնե ոչ թե իրավաբանության, այլ գոնե, ասենք, յոգայի, այդպես էլ պետք է ձայն չհանի, կամ պետք է հայտարարի, որ ուսումնասիրում է դեպքը։ Զարմանում ես նույնիսկ, թե ինչպիսի լկտիությամբ է քաղաքական իշխանությունը մեղքը բարդում իր ձեռքով անողնաշար դարձրած իրավապահների վրա ու մեղադրում, օրինակ, որ նախորդ օրը թաղապետին չեն հրավիրել ոստիկանություն (օրինակ, որպես վկա) և այլն։ Չէ՞ որ նախորդ օրը թաղապետը զբաղված էր ՔՊ-ի «սիվիկ»-ին լայն ժպիտով հարցազրույց տալով։ Ձեր ո՞ր իրավապահն է այնքան համարձակ, որ խանգարի Ձեր «սիվիկ»-ի հարցազրույցը Ձեր հայհոյած թաղապետի հետ, որում Դուք թույլ եք տվել վերահաստատել հայհոյանքը․․․։
Դե Արամ Սարգսյանի ու նրա խմբի մասին միայն ոչինչ և վաղուց ոչինչ․․․ Այս խեղճուկրակները թաղապետի խուլիգանության տակ տեսել են ոչ ավելի, ոչ պակաս, եվրոպական ինտեգրման իրենց ջանքերին կրեմլյան միջամտություն։ Մեղա․․․