Երբ աշխարհից պահանջում ենք, որպեսզի դատապարտեն Ցեղասպանությունը, այդ նույն աշխարհը եթե մի քիչ ցինիկ ու դաժան լինի, կասի՝ հայ ժողովուրդ, բայց կարծես, թե դու դեռ չես ընկալել, թե ինչ է Ցեղասպանությունը, եթե ընկալեիր, չէիր պարի այն երաժշտության տակ, որտեղ ասվում է՝ ասկյարները կույս աղջիկներին բռնի տարան։ Մենք պարո՞ւմ ենք, չէ՞։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ես մեկ անգամ մեկ առիթով ասացի, որ ազգային հիշողությունը ջնջել պետք չէ, բայց, եկեք գտնենք, թե ինչ է ազգային հիշողությունը։ Եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար, թե ի՞նչ է Ցեղասպանությունը, ինչո՞ւ եղավ Ցեղասպանությունը, և ինչո՞ւ մի տարածքում, որտեղ ապրում էր 2,5 մլն հայ և 8 մլն թուրք օսմանցի, հնարավոր եղավ իրականացնել Ցեղասպանություն»։
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե երբ ասում ես՝ ինչու՞, ասում են՝ ուրացող ես, Գեղամ Նազարյանն ասաց, մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի, որ 1915-ին Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել։
«Շատերը կարծում են, թե 1915-ին թուրքերը դրանք գրավել են, մեզ էլ ցեղասպանության են ենթարկել։ Բա մենք, մեր երեխաներին, մեր սերունդին չասենք, թե ի՞նչ է եղել։ Չասե՞նք, որ Մուշը 1915 թվականից 1050 տարի առաջ այլևս Հայաստանի մաս չի կազմել, հա, եղել է հայկական քաղաք, բայց Հայաստան պետությունում չի եղել։ Դա փոխում է եր այսօրվա մտածողությունը, որ մենք հասկանանք, թե ինչ է պետությունը»։