Հետևեք մեզ։

Կասկածներ է առաջացնում, բայց «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել 28 պատգամավորի ստորագրություն Փաշինյանի իմպիչմենտի համար, եթե նախաձեռնողներն ապահովեն պակասող 8 ստորագրությունը. հայտարարություն

09:17, 02 մայիս 2025
Կասկածներ է առաջացնում, բայց «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է տրամադրել 28 պատգամավորի ստորագրություն Փաշինյանի իմպիչմենտի համար, եթե նախաձեռնողներն ապահովեն պակասող 8 ստորագրությունը. հայտարարություն

«Հայաստան» խմբակցության հայտարարությունը.

«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է  եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի  կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

 

● Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։

 

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:

 

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ  շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։ 
Այսօրվա դրությամբ   նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող  զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ  կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։  


 
 Այնուամենայնիվ,
 «Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը,  ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց  կարողության և պատասխանատվության մասին։

 

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

 

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։

«Հայաստան» խմբակցություն
02.05.2025թ.»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները