«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ըստ զեկույցի՝ 2025 թվականին մամուլի ազատությունը շարունակել է անկում ապրել՝ հասնելով կրիտիկական ցածր մակարդակի։ Առաջին անգամ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը որակվել է «դժվար» ամբողջ աշխարհում։ Ներկայացվող տվյալների համաձայն՝ ներառված 180 երկրներից 160-ում լրատվամիջոցները չեն կարողանում հասնել ֆինանսական կայունության։ Աշխարհի երկրների գրեթե մեկ երրորդում լրատվամիջոցները պարբերաբար փակվում են քրոնիկ տնտեսական դժվարությունների պատճառով։
Հայաստանը ինդքսում զբաղեցրել է 34-րդ տեղը 180 երկրներից 73․96 միավորով։ Մամուլի ազատությունը ՀՀ-ում բնութագրվում է որպես «բավարար»։ Ինչպես նշվել է զեկույցում, լրատվամիջոցները մնում են բևեռացված․ երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմաններին անվտանգության խնդիրներով, Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև երկրի բարդ դիրքորոշմամբ։
Նշվում է, որ լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին հեղինակություններին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են, որ անկախ գործունեություն են իրականացնում։
Զեկույցում հաղորդվում է, ու չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, իսկ պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից։
Համեմատության համար հարևան Ադրբեջանում իրավիճակը «շատ լուրջ» է։ Երկիրը զբաղեցնում են 167-րդ տեղը։