Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ Արթուր Նահապետյանի նշանակումից հետո սկսել է ստուգել նաև աշխատողների առաքինությունը։ Hayastan.news-ը ներկայացնում է հարցազրույցից այս թեմային առնչվող հատվածը․
Այս որոշման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանը հարցրեց, թե ինչու՞ են ստուգում աշխատողների առաքինությունը․
«Առաքինությունը ստուգում ենք, որ պարզենք բարեվարքությունը»,-ասաց Նահապետյանը։
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե բարեվարքությունը ստուգում եք, Արթուր Նահապետյանն ասաց․ «Բարեվարքությունը ստուգում ենք, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն համալրենք բարեվարք կադրերով, ճիշտ եք»։
Դիտարկմանը, թե՝ բա՞ առաքինությունը, գուցե վատ մարդ է, բայց լավ բռնում է, Արթուր Նահապետյանն ասաց․ «Իր գործունեության ընթացում եթե մենք տվյալներ ենք ստանում, որ, օրինակ, կարգապահական խախտումներ է թույլ տալիս, բարոյական նորմերի խախտումներ է թույլ տալիս, եթե հանդուրժողականություն է դրսևորում առանձին կոռուպցիոն երևույթների նկատմամբ, եթե այս տվյալները ստանում ենք, մենք մեր Ներքին անվտանգության վարչության միջոցով իրականացնում ենք առաքինության ստուգումը, որպեսզի պարզենք, բարեվա՞րք է կոմիտեի ծառայողը, թե՞ ոչ։ Օրենքը նույնիսկ հնարավորություն է տալիս պրովոկացիայի եղանակով ստուգել ծառայողի առաքինությունը, ինչը ենթադրում է սադրիչ գործողություններ աշխատողների հանդեպ։ Ներգրավվում ենք համապատասխան անձանց, ովքեր կոմիտեի ծառայողի հետ կոնտակտի մեջ մտնելով փորձում են սադրել, որպեսզի ստուգենք, թե ծառայողն իրականում կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականություն ունի, թե ոչ»։