Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է կոռուպցիայի դեպքերի մասին մումուլի բոլոր հրապարակումները, կազմում է ամբողջական զեկույց և դա ներկայացնում է վարչապետին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած բոլոր հրապարակումները հավաքագրվում են։ Մեր հիմնական ուշադրությունը, բնականաբար, նաև կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիներին վերաբերվող հրապարակումները։ Այսինքն, բոլոր այն հրապարակումները, որոնք, ամենայն հավանականությամբ, դուք էլ եք տեսնում, մենք հավաքագրում ենք ու զեկուցում ենք վարչապետին»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ անվտանգության խորհուրդը ի՞նչ կապ ունի կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումները հավաքագրելու հետ՝ Արմեն Գրիգորյանն ասաց.
«Կոռուպցիան մենք համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում է աշխատանքներ կատարում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իրեն զեկույց է ներկայացրել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին։