Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հարց տվեց Աննա Վարդապետյանին, թե ինչ նորություն կա ԱՆԻՖ-ի գործով։
Նշենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը լուծարվել է դեռևս 2024-ի օգոստոսին։ Կառավարության կողմից ընկերությանը հանձնված 1,7 մլրդ դրամից, 1,2 մլրդ-ն ուղղվել է վարկային պարտավորությունների մարմանը, աշխատակիցների աշխատավարձերին, վերջնահաշվարկներին և այլն։ Փաստացի՝ այդքան գումար է վատնվել, ոչինչ չի արվել, աշխատավարձ ու պարգևավճար ստացել են։
Ըստ Աննա Վարդապետյանի՝ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալու, առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները:
«Յուրաքանչյուր դրվագ, որ շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով: Սրանք բոլորը քննության առարկա են Քննչական կոմիտեում»,- ասաց Վարդապետյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք եղե՞լ են նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք այս հարցի շրջանակում հարցաքննվել են, գլխավոր դատախազը պատասխանեց. «Մեկ դրվագով բավականին լուրջ գումարի՝ մոտ 2 մլն դոլարի մասին է խոսքը, արդեն ունենք հեռանկարում քննություն, նկատի ունեմ քրեական հետապնդում»: