ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձավ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի օրը տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ, երբ իրավիճակը լարվեց, ինքը դուրս էր հրավիրում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
Հարցին՝ հաշիվ մաքրելո՞ւ էր կանչում, նա նախ պատասխանեց, որ ինքը ոչ մեկին դուրս չի հրավիրել, իսկ երբ լրագրողն ասաց, որ կադրերում դա երեւում է, և երեւում է, թե ինչպես են ՔՊ–ականներ Վահագ Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլակյանը իրեն հետ պահում, նա ասաց. «Որ իրեն տեսնեմ՝ կասեմ, ձեզ ինչ ասեմ, քանի դեռ իր հետ չեմ խոսել, ոչինչ չունեմ ասելու, մնացած հարցերը գրավոր ուղարկեք»։
Հարցին՝ Գառնիկ Դանիելյանը ի՞նչ անթույլատրելի բան էր արել, որ պետք է հաշիվ մաքրեիք, Համբարձումյանը նույնկերպ արձագանքեց. «Քանի դեռ չեմ խոսել իր հետ ես հիմա ոչինչ ասել չեմ կարող»։
Այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ հիմա Գառնիկ Դանիելյանի հետ չի խոսել, հարցին էլ ասաց. «նպատակահարմար չեմ գտնում հանդիպել։ Որտեղ որ նպատակահարմար գտնեմ, խոսելու եմ։ Ամենևին հաշիվ մաքրելու խնդիր չկա»։