Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչ կա, և դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու են տարբեր գերտերությունների ներկայացուցիչներ հայտարարում էսկալացիայի վտանգի մասին:
Հարցին՝ ինչու է ադրբեջանական կողմը կրակում հայկական բնակավայրերի ուղղությամբ, Խաչատրյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում:
«Ցավոք սրտի, այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ, հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, և եթե անգամ կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ-որ չափով հնարավոր է՝ լսում են մեր գյուղերում և ցանկացած կրակոցի ձայն ինչ-որ անհանգստացնում է»,- ասաց նա:
Խաչատրյանը հավաստիացրեց՝ խուճապ չկա:
«Ասեմ ձեզ՝ գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան, և գիտեն այդ ամենը, բայց իհարկե, անհանգստացնող է, և օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդրին լուծում տալ»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք կնքումից հետո ադրբեջանական կողմը չի կրակի այլևս, Խաչատրյանը վստահություն հայտնեց՝ չեն կրակի:
«Որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն իրականացնելու սահմանապահ գործառույթը, այլ սահմանապահ զորքերն են իրականացնելու այդ գործառույթը երկուստեք, իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրանցվում։ Այնպես չէ, որ հայկական կողմը չունի այդ հնարավորությունը՝ պատասխան համարժեք գործողությունների գնալու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումը այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր երկու երկրների միջև դա լինելու է: Խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիան լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները: Սրանք պրոցեսներ են և պետք է դրա մկջով անցնել»,- ասաց նա: