Հետևեք մեզ։

Եվ այդ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է. Փաշինյանը՝ Օսկանյանի տիկնոջն առնչվող մանկապարտեզի մասին

11:20, 05 հունիս 2025
Եվ այդ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է. Փաշինյանը՝ Օսկանյանի տիկնոջն առնչվող մանկապարտեզի մասին

Դիլիջանի մանկապարտեզին նախորդ նիստերին անդրադարձել էի, և անդրադառնալիս այսպիսի մի ձևակերպում էի արել, թե նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հետ է կապված մանկապարտեզի հարցը՝ մտածելով, որ Կառավարության նիստ է, ի՞նչ կարիք կա կոնկրետ ասելու: Այդ մասին գործադիրի՝ հունիսի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ՝ դրանից ինչքան առաջ, ինչքան հետո, որ նախկին պաշտոնյան, թուր ու թվանքը առած, ինչ-որ գրառումներ է անում: Սրա հետ կապված չէ: Հո չի՞ ասելու՝ մանկապարտեզներս ձեռքիցս առան: Եվ այդ պաշտոնյան նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը: Ասենք, զարմանում ես՝ Վարդան Օսկանյանը և իր կինն ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն»,- ասաց նա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պարզաբանեց.

«Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել և պատկանել է առաջինը՝ երեխաներին, հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը, ճիշտ եք, պատկանել է նախկին ԱԳ նախարարի տիկնոջը՝ տիկին Նարինե Օսկանյանին: Քրեական վարույթի շրջանակներում է, որ համայնքի հետ հաշտության արդյունքում 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին:

Մենք նաև ճշտել ենք մեր գործընկերներից, որ այն ներառված է սուբվենցիոն ծրագրում, և առաջիկայում նույնիսկ ներկայացված է Կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի: Մեր հաշվակներով [տարեկան] մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս շենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում»,- ասաց դատախազը:  

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս անդրադարձավ, իր ձևակերպմամբ, «սյուր» տեղեկատվությանը՝ նկատելով, որ Վարդան Օսկանյանի կինը բարեգործական կազմակերպություն է հիմնադրել, և այդ կազմակերպության իրականացրած «բարեգործության» արդյունքում տարեկան 120 երեխա զրկվել է մանկապարտեզ գնալու իրավունքից:

«Ստացվում է՝ Վարդան Օսկանյանի և նրա տիկնոջ «բարեգործության» արդյունքում 1200 դիլիջանցի երեխա ընդհանրապես 20 տարվա ընթացքում չի գնացել մանկապարտեզ: Սա է այս մարդկանց բարոյական նկարագիրը և իրականացրած «բարեգործությունների» շրջանակը, որից ՀՀ քաղաքացիները մինչև կոկորդը կուշտ են»,- ասաց նախարարը:

Վարչապետն արձագանքեց՝ խնդրո առարկա թեմայում կա նաև բարոյական կոմպոնենտ, այն է՝ մի՛ դատիր, որ չդատվես. «Մենք չենք կարող մանկապարտեզը վերցնել նախկին պաշտոնյայի կնոջից և տանել, տալ մեր կնոջը (լավ չի հնչում (ծիծաղում է- խմբ.)), և տանել տալ մեր երեխաներին և այդպես շարունակ, որովհետև ասում են՝ մի՛ դատիր, որ չդատվես: Ինչ դատով դատես, էդ դատով դատվելու ես»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները