Հետևեք մեզ։

Վարչապետի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 21.6 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան

12:05, 06 հունիս 2025
Վարչապետի աշխատակազմի ծախսերը նախորդ տարի կազմել են 21.6 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 21.6 մլրդ դրամ: Կրճատվել են ծառայողական մեքենաները՝ 40-ի փոխարեն դառնալով 19:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: 

«Մեր փաստացի ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 93.1 տոկոս: Հաշվետու տարում ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսը կազմել է 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցառումների 88.7 տոկոսը: Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների, ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով: Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 18 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով»,–ասաց Հարությունյանը: 

Հաշվետու տարում ծառայությունների և ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 4.9 մլրդ դրամ կամ ճշտված ցուցանիշի 87.3 տոկոսը: Ըստ Հարությունյանի՝ շեղումը պայմանավորված է մրցույթների արդյունքում ապրանքների և ծառայությունների՝ նախատեսվածից ցածր գներով ձեռքբերմամբ, ինչպես նաև հաստիքների ոչ լրիվ համալրմամբ: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը նվազել են 3 տոկոսով կամ 153.2 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է շենքերի և կառույցների ընթացիկ նորոգումների հետ կապված աշխատանքների ծավալների նվազմամբ, ինչպես նաև նախատեսված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտության բացակայությամբ: 

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաներին՝ նա ասաց. «Ավելի քան կեսով կրճատվել է մեքենաների քանակը: 40 մեքենայի փոխարեն այս պահին ունենք 19 մեքենա»: 

Մեքենաների կրճատումը եղել է տարվա վերջում: