Հետևեք մեզ։

Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում․ Միրզոյան

16:36, 10 հունիս 2025
Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում․ Միրզոյան
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։ Հատնում է ԱԳՆ-ն։
 
Միջոցառմանը ներկա է գտնվել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
Նախարար Միրզոյան. «Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերն՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:
 
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից, այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումները, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը»:

Վերլուծական