Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIPP նախագծի իրագործումը և նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։
«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք։ Մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Ընդ որում, նախորդող շրջանի մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ փողը կարևորը չի, կարևորը բովանդակությունն է: Երբ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն՝ որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է»,- ասել է երկրի ղեկավարը։
Հաջորդ ուղղությունը, ըստ վարչապետի, ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում ընդունելն է։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ՝ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։ «Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։
Վարչապետը նախատեսվող բոլոր այդ ծրագրերն իրականացնելու համար մեկ անգամ ևս կարևորել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոններ պահանջելը. «Մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք, և մեր բնակիչները, քաղաքացիներն այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, թե ոնց է աշխատում պետությունը։ Այսինքն` հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետ է գնում, դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ»։
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև բիզնես միջավայրի բարելավմանը, միկրոբիզնեսի ոլորտում նախատեսվող բարեփոխումներին և, մասնավորապես, ընդգծել. «Մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաև մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են, և մենք մեր նպատակից շեղվում ենք իրականում՝ ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց պարզվում է, որ այդտեղ տեղավորվում և ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են»։