Հետևեք մեզ։

Ծառուկյանի ձերբակալություն ֆոնին լռողները․ ինչ կենդանի է մարդն իրականում․ առյուծ, արջ, վագր, թե շնագայլ, որպես կանոն, երևում է պատմության մեջտեղում, ոչ թե վերջում

22:01, 09 հուլիս 2026
Ծառուկյանի ձերբակալություն ֆոնին լռողները․ ինչ կենդանի է մարդն իրականում․ առյուծ, արջ, վագր, թե շնագայլ, որպես կանոն, երևում է պատմության մեջտեղում,  ոչ թե վերջում

Այլևս անքննելի է, որ աշխարհը կրկին անցնում է դիալեկտիկայի «քաոս-կարգ» շղթայի առաջին փուլով։ Մարդկությունը գիտակցաբար ոչնչացնում է տասնամյակներով ձևավորած իրավական ու մարդկային արժեքները։ Այժմ ժամանակն է ստորության, խարդավանքի, ստելու, ուրացումի, երեսպաշտության, փոքրության ու ցածրության, ժամանակն է դրանից հրճվելու, ժամանակն է հանցագործ լինելու և միաժամանակ օրենք կատարող աշխատելու։ Ժամանակն է նվաստության մեջ ուժեղ զգալու, տղամարդկությունը կորցնելու, կրոնը փոխելու, բոլորին ու ամենակարևորը խղճին ու երեկվա քո «ես»-ին դավաճանելու, կամ ցույց տալու, որ քոնը «ես» չէր։


Սա արդեն մի քանի տարի է որ գիտենք, իսկ որ ուրացումի ժամանակը հպարտորեն ապրող առաջիններից է ընկերոջ, եղբոր, թասիբի, հավատարմության ու ազնվության մասին կենացներից միշտ հարբած մեր ազգը, սպասել դժվար էր։ Չնայած․․․ մեր պատմությունը հենց դրա վկայությունն է, բայց մենք, որպես հերթական սերունդ, իրացնում ենք դրանից ապշելու մեր իրավունքը։


Մարդկանց դատելն անշնորհակալ գործ է, դրա ցանկություն ընդհանրապես չկա։ Բայց Գագիկ Ծառուկյանի ձերբակալության՝ սոցցանցերում ակտիվորեն տարածվող տեսանյութի ու նրա հետ տարիներ շարունակ գրկախառնված, նրանից պարգևներ ստացած, նրա հովանավորությունն ստացած մարդկանց լռության ֆոնին դժվար է ախր չխոսել։


Բոլորի համար պարզ է, որ Ծառուկյանի ձերբակալության այդ տեսարանը, որն իրականում պետության ամոթն էր, տարածվել էր, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքներից ուրախացած մի անբավարար զանգված համոզվի, որ Ծառուկյանին փորձեցին հենց Փաշինյանի բղավոցներում հրահանգված ձևով ձերբակալել։ Շարունակում ենք առատորեն խղճալ յուրաքանչյուրին, ով բավականություն է ստացել նրանից, որ ամբողջ կյանքում անընդհատ բարեգործություն արած՝ քարով մարզվող մարզիկին մարզասարք նվիրած, հազարավոր կյանքեր փրկած, ուսանողներին համալսարաններ հասցրած մարդուն, տասնյակ դիմակավորներ հատուկ հրահանգով գետնին են պառկեցրել ու նկարահանել՝ ցուցադրելու համար։


Բայց այդ ամենը հատկապես նաև Ծառուկյանի հովանավորությունը վայելած, նրա կողմից գնահատված, մինչև վերջին օրը նրա տված աշխատավարձը վայելած հեղինակավոր մարզիկները, բժիշկները, ուսանողները, արվեստի գործիչները ու մյուսներն էլ չէ՞, տեսել են։ Ո՞ւր են իսկ նրանք։ Ո՞ւր են նրանք, երբ իրականում հարցն այն մասին չէ, թե Ծառուկյանին ինչո՞ւ են ձերբակալել։ Չկա՞ր արդյոք մեկը, որ չնչին համարձակություն կունենար ուղղակի ամոթանք տալու տարիներ շարունակ իրենց հոգսով ապրած մարդու հետ այդպես վարվելու համար։ Ինչո՞ւ և ինչպես է հնարավոր խլանալ, համրանալ ու կուրանալ, երբ պետք է ձեր կաշվի ու կուշտ փորի համար։ Դժվա՞ր էր արձագանքել ձեզ գնահատած մարդու ինքնասիրությունը վնասելու հատուկ փորձին։ Այո՛ փորձին, որովհետև ոտնատակ է տրվել հենց դրա հրամանը տվողի, այն կատարողի, նկարահանողի ու նրանց ինքնասիրությունը, ովքեր մեծ աստղերով ուսադիրներով զբաղված են եղել այդ դրվագը նկարահանել տալու ու հրապարակելու հարցով։ Այդ տեսանյութը ոտնահարում է բոլոր նրանց ինքնասիրությունը, ովքեր երեկ հերթ էին կանգնել իրենց բաժինն ստանալու համար, իսկ այսօր լուռ են։


Պարզ է, չէ՞, որ Ծառուկյանը դա չի արել՝ մտքում ունենալով, որ մի օր իրեն անամոթաբար կձերբակալեն և միգուցե կարձագանքեք գոնե մեկ բառով։ Պարզ է, չէ՞, որ նա ձեզ հետ շփումներում երբեք շահախնդիր չի եղել։ Իսկ դու՞ք։ Ինչ կենդանի է մարդը իրականում․․ առյուծ, արջ, վագր, թե շնագայլ, որպես կանոն, երևում է պատմության մեջտեղում․․․ մեջտեղում, տղանե՛ր և աղջիկնե՛ր, ոչ թե վերջում։ Սա դեռ վերջը չէ․․․ վերջը սա չէ․․․

Վերլուծական

Ամենաընթերցվածները