Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, և սկսել է գործողությունները:
Բացարձակ ցանկություն չկա անդրադառնալ քրեական վարույթին՝ չտիրապետելով որևէ տվյալի, բացարձակ ցանկություն չկա գնահատական տալ մի վարույթի, հիմնավոր կամ անհիմն համարել, չտիրապետելով որևէ տվյալի, փոխարենը մեծ ցանկություն կա անդրադառնալ երեք հարցի, որոնց մեկի հիմքը բարոյականությունն է։
Առանցքային հարցերից մեկն այն է, որ օրեր առաջ Ազգային ժողովում Փաշինյանի ասած՝ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից թելադրանքն արդեն Դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն իրականություն են դարձնում։ Ընդ որում, առաջնորդելով հենց շպրտել բառով։
Երկրորդը բարքերն են, որոնց հիմքում ոչ թե օրենքներն են, այլ Փաշինյանի ցանկությունները․ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն կոմիտեն դատավարական որևէ կարգավիճակով չի հրավիրել, Վարդան Ղուկասյանը որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը, բայց ԱԱԾ ծառայողներով հանդերձ գնում են և ուզում են բավարարել «տիրոջ կամքը»՝ փռել գետնին մարդուն, որը, միգուցե, կամավոր պատրաստ է ներկայանալ Հակակոռուպցիոն կոմիտե։
Եվ երրորդը․ Հակակաոռուպցիոն կոմիտեի նախագահը գյումերիցիների մասին կարծրատիպ է կոտրում․ գյումրեցի Արթուր Նահապետյանը պատրաստ է պատկառելի տարիքի մարդուն գետնին փռել տալ, շպրտել Գյումրու քաղաքապետարանի շենքից, թե հանուն ինչի, հայտնի է բոլորին։
Բայց այդ ամենն անցողիկ է, պարզապես այսօրվա քայլդ այնպես պետք է անես, որ վաղը Գյումրիում կարողանաս քայլել, գյումրեցի Արթուր Նահապետյան։