Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ մի շարք լրատվամիջոցներ կապ հաստատեցին այն անվանի մարզիկների հետ, որոնք ժամանակին աջակցություն են ստացել նրանից, ապահովել իրենց կարիերան: Նրանք մարդիկ են, ովքեր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ անհոգ մարզվել են, իսկ իրենց խնդիրները լուծում են ստացել երբեմն անգամ առանց իրենց իմացության:
Մարզաշխարհի որոշ դեմքեր խոսում են Ծառուկյանի արածները չուրանալու մասին, սակայն ոմանք լուռ են, բայց ամենաշատ քննարկված արձագանքներից մեկը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանինն էր։ Գուցե նաև նրա համար, որ հանրությունը տեսել էր Գագիկ Ծառուկյանի բացարձակ դրական վերաբերմունքը, հոգատարությունն ու աջակցությունը նրան։ Ավդալյանը հանկարծ հիշեց, որ իրավաբան չէ, քաղաքագետ չէ և հարցին, թե ինչպես է վերաբերում Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, ասաց. «Սա շատ նուրբ հարց է, հիմա չէի ուզենա ոչ մի դիտարկում անել, քանի որ տեղյակ չեմ, թե ինչը ինչի հետ է կապված, ես ոնց կարամ ինչ-որ բան ասեմ»։
Այսինքն, Նազիկ Ավդալյանը չգիտե՞ր, որ մարդու երկու ձեռքերից ԱԱԾ-ականների կախվելն ու նրան իր տան մեջ գետնին գցելը, նկարելն ու տարածելը վատ բան է, ու դրա համար ցանկանո՞ւմ էր քաղաքագետ լինել, կամ իրավաբա՞ն։ Իրականում, ավելի հեշտ է, ընդամենը կարելի է վախկոտ չլինել կամ գուցե օրվա իշխանության հետ համամիտ:
Հանրությանը հայտնի է նաև, որ Նազիկ Ավդալյանի հիմնադրամի ստեղծման ընթացքում Գագիկ Ծառուկյանը աջակցություն է ցուցաբերել, ինչի մասին Ավդալյանն անձամբ խոսել է հիմնադրամի բացման ժամանակ։ Այն ժամանակ իրեն պետք էր խոսել: Սակայն, հիմա, Նազիկ Ավդալյանն այդ հիմնադրամը դարձրել է ՔՊ-ակաների հետ շփման միջոց, իսկ կշեռքի մյուս նժարին իր անցած ճանապարհն է, բայց դե իր ընտրությունն է, ուղղակի պետք չէ նեղվել, երբ քննադատում են։
Ընդ որում,նրա վախերը խղճուկ են․ վախ՝ Սրբուհի Գալյանի հետ հանդիպման չեղարկումից, վախ` Ժաննա Անդրեասյանին չտեսնելուց, վախ՝ Շիրակի մարզպետի հետ հանդիպման չեղարկումից։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի կալանքի օրը Նազիկ Ավդալյանը հանդիպել էր Շիրակի մարզպետի հետ, բայց որպեսզի հրապարակում չանի իր էջում և չթիրախավորվի, բայց նաև մարզպետը չնեղանա, սթորի բաժնում հրապարակում էր արել մարզպետի լուսանկարով:
Մարզիկ, աշխարհի չեմպիոնը իր քավորի կալանքին զուգահեռ իշխանության ներկայացուցչի հետ է հանդիպում, որը վստահաբար ՔՊ-ի հետ համամիտ է Ծառուկյանին առնչվող թեմայով: Երևի ոմանք Ավդալյանին դատարանի բակում էին պատկերացնում, պարզվեց նրա մաքսիմումը ՔՊ-ական մարզպետն է, որի հետ անգամ որոշ ՔՊ-ականներ չեն հանդիպում: Նազիկ Ավդալյանը ՔՊ-ականներին լավ չի ճանաչում, նրանք հեղիկանություն ու արժեք կործանելու աշխարհի չեմպիոն են, ինքն էլ հաստատ դրանից անմասն չի մնա:
Լակմուսի թուղթ է Գագիկ Ծառուկյանի գործը․ Հռիփսիմե Խուրշուդյանները կլռեն, Արթուր Ալեքսանյանները կկորեն, Նազիկ Ավդալյանները կփոխվեն, չեմպիոնները կխոսեն. Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը... Ժամանակն է լինելու ամենաանկողմնակալ դատավորը․ հենց այն կգնահատի, թե ում անունը և ինչ հետքով կմնա պատմության մեջ: