Հետևեք մեզ։

Ուրացումի ժամանակներ

22:02, 24 հուլիս 2026
Ուրացումի ժամանակներ

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի դատավարությունն էր։ Որքան էլ հարգենք իրավապահ համակարգի գործունեությունը և որպես կանոն զերծ մնանք քրեական գործերին լրագրողական գնահատականներ տալուց, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ նույն իրավապահ համակարգը դեռ նախընտրական շրջանում, հենց որպես հօգուտ ՔՊ-ի կատարվող քարոզչության մաս, հրապարակել էր Դավիթ Ղազինյանի կողմից իբր ընտրակաշառք տալու վերաբերյալ խոսակցությունը։ Ինչպես քննչականների հրապարակած բոլոր ձայնագրությունները, այնպես էլ սա, այն մասին են, որ «քրեական գործը» Նիկոլ Փաշինյանի կողմից քննչականների ու դատախազության անվան տակ ստեղծած «կարի արտադրամասի» արտադրանք է։ Բայց այսօր դրա մասին չէ, որ պետք է խոսենք:

 

​Դավիթ Ղազինյանի դատավարությանը ներկա էր նրա հայրը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Գագիկ Ղազինյանը։ Վստահ ենք, որ Գագիկ Ղազինյանին որդու հանդեպ ծնողական վերաբերմունքը ևս դժվար էր հասցրել դատարան կոչվող այդ տարածք, որտեղ կատակերգական ողբերգությունը խաղում էին հենց իր ղեկավարած ֆակուլտետում «ուսանած» «իրավաբանները»։

 

Այս հրապարակումը բնավ Գագիկ Ղազինյանին պաշտպանելու կամ նրան անսխալ ներկայացնելու նպատակ չունի՝ հատկապես, որ նրա որդու գլխին գործ սարքողների գոյությունը ինչ-որ չափով նաև նրա սխալի արդյունքն է։ Բացի այդ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը միշտ է եղել հնարավորություններ ունեցող մարդկանց և/կամ նրանց զավակների ձգտած դիպլոմն ապահովողը՝ժամանակի ընթացքում դրան տալով ոչ այնքան կրթության ու գիտության, որքան հնարավորությունների, հարստության, պաշտոնի ու դիրքի հետ ասոցացվող համբավ։ Եվ այն, որ հնարավորությունների տեր մարդկանց զավակների կենտրոնացումն այդ ֆակուլտետում խնդիրներ առաջացացրել է, ոչ ոք, հուսանք նաև Գագիկ Ղազինյանը, չի հերքի։

 

Բայց, թե ինչ է արել այդքան մեծ ու բացասական ազդեցությունների պայմաններում Գագիկ Ղազինյանը ֆակուլտետի համար, և ինչպես է կարողացել այն չդարձնել այդ ազդեցությունների զոհը, կրթությունը փրկել բացասական բարքերի կործանիչ ազդեցություններից, նույնպես մարդիկ չպետք է մոռանան։ Իրավագիտության ֆակուլտետն այլ դեկաններ նույնպես ունեցել է, բայց ժամանակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններում այն ֆակուլտետ դարձնողն ու պահողը եղել է հենց Գագիկ Ղազինյանը և դա էլ ոչ ոք չպետք է ուրանա կամ մոռանա։ Թեև, կարծեք, ոմանք մոռացել են։

 

Նայում ես դատավարությունն ու ականատեսը դառնում, թե ինչպես է ողնաշարի հետ ակնհայտ խնդիրներ ունեցող մեղադրողն իր դասախոսի, իր կրթության համար պայմաններ ապահովողի, վերջապես միջազգային ճանաչում ու ազդեցություն ունեցող գիտնականի ներկայությամբ Իջևանի բարբառով ոգևորված ստում այնպես, կարծես պաշտպանում է ոչ թե հորինված ու կարված, այլ իրականում կատարված հանցանքի մասին մեղադրանք։ Երիտասարդ տարիքում իր կարիերային, խղճին ու իրավաբան կոչվելու իրավունքին անձամբ վերջ տվող այդ դատախազը հիշելու շատ բան ունի իր ուսանելու տարիներից, գրեթե այնպես ինչպես Գագիկ Ղազինյանի ձեռքից հաց կերած, ապա դավաճանած նրա շեֆերը, շեֆերի ընկերուհիները, ընկերներն ու գործընկերները․․․․

 

Պատկերացնու՞մ եք Գագիկ Ղազինյանի դրությունը։ Որքան էլ չկոտրված, որքան էլ նույն կեցվածքով, բայց միևնույն է՝ նստած ես դատական նիստերի դահլիճում, որտեղ քննվում է քո նախկին ուսանողների կողմից իրենց շեֆի պատվերով որդուդ գլխին սարքած քրեական գործը։ Քրեական գործը որդուդ հանդեպ քաղաքական հետապնդման նպատակով սարքել են հենց նրանք, ում ոչ միայն կրթել ես, այլ նաև օգնել աշխատանք ունենալ։

 

Բայց եկեք չպատկերացնենք խղճի, մասնագիտության ու մարդկային արժեքների դավաճանության և ուրացումի այդ չափը։ Պատկերացնելի չէ․․․ և  պետք է չպատկերացնենք, որ պատասխանի ժամանակը գա․․․

Վերլուծական

Ամենաընթերցվածները