Շվեյցարական Credit Suisse բանկը հայտարարում է, որ 210 միլիոն դոլար է վճարել Վրաստանի նախկին վարչապետ և գործարար Բիձինա Իվանիշվիլիին, ով դատական վեճեր ունի բանկի հետ։
Համապատասխան տեղեկությունը Bloomberg գործակալությունը տարածում է շվեյցարական բանկի ներկայացուցչի էլեկտրոնային նամակի հիման վրա։
Բացի այդ, ինչպես գրում է Bloomberg-ը, բանկի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ գործով է գումարը վճարրել Իվանիշվիլիին, ոչինչ չի ասվում Սինգապուրում ընթացող դատական գործընթացի մասին, նշված չեն գումարի վճարման ժամկետները։
Հոդվածագրի համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլին Սինգապուրի դատարանում դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկի հավատարմագրային ստորաբաժանմանը և 800 մլն դոլար պահանջել վնասի փոխհատուցման համար։ Իվանիշվիլին մեղադրել է ֆինանսական հաստատությանը իր ներդրումները չպաշտպանելու և ընկերության նախկին բանկիր Պատրիկ Լեսկադրոնի կողմից կատարված խարդախության հետ կապված վնասները կանխելու համար համարժեք քայլեր չձեռնարկելու մեջ։ Credit Suisse-ի հավատարմագրային ստորաբաժանումը պնդում էր, որ իր պատասխանատվությունը սահմանափակվում է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող ակտիվների կառավարմամբ, իսկ ներդրումային որոշումները կայացրել են գործարարը և նրա վրացի բիզնես խորհրդատուն, և նրանք պատասխանատու են ցանկացած կորստի համար:
«2018 թվականին շվեյցարական դատարանը Լեսկադրոնին մեղավոր է ճանաչել նախկին հաճախորդների, այդ թվում՝ Իվանիշվիլիի ստորագրությունները ութ տարի շարունակ կեղծելու մեջ։ Նա խոստովանել է, որ կեղծել է գործարքներ և թաքցրել վնասները։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Լեսկադրոնն ավելի ուշ ինքնասպան է եղել։ Բանկի տվյալներով՝ Լեսկադրոնը գործել է միայնակ և իր հանցանքը թաքցրել է գործընկերներից։ Իրավաբան Լի Էնգ Բենգը խոստովանել է, որ «Credit Suisse»-ը համաձայնել է փոխհատուցում վճարել Իվանիշվիլիին, քանի որ 2008 թվականից ի վեր չի կարողացել պաշտպանել նրա ակտիվները Լեսկադրոնից:
Ավելի լայն հետեւանքներից խուսափելու համար փաստաբանը եզրափակիչ խոսքի ժամանակ հայտարարեց, որ պարտավոր է փոխհատուցել այս կորուստը։ Բացի այդ, նա նշեց, որ պարտավորությունը չի տարածվում ակտիվների հետ կապված ներդրումային գործունեությունից առաջացած վնասների համար պատասխանատվության վրա»,- գրում է Bloomberg-ը։