Հետևեք մեզ։

ՔՊ-ականներն ակնհայտ լավ վերաբերմունք ունեն Արմեն Գևորգյանի նկատմամբ, իրադարձությունները քննարկում են, հարցնում նրա կարծիքը. «Ժողովուրդ»

08:28, 17 փետրվար 2023
ՔՊ-ականներն ակնհայտ լավ վերաբերմունք ունեն Արմեն Գևորգյանի նկատմամբ, իրադարձությունները քննարկում են, հարցնում նրա կարծիքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բեւեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի եւ հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարեւում:

Հազվադեպ կտեսնես, որ ՔՊ-ականները, օրինակ, քայլեն այն հատվածներով, որտեղ ընդիմադիրների աշխատասենյակներն են, կամ էլ՝ հակառակը:

Իշխանությունը տարբեր երեւակայելի ու աներեւակայելի միջոցներ է հորինում, որպեսզի չեզոքացնի ընդդիմադիրներին, որոնք դաժան քննադատում են ՔՊ-ին: Իսկ, ահա, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի, խորհրդարանը վերածվում է հատուկ պահպանվող տարածքի, որտեղ ամենուր զինված համազգեստավորներ են: Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որեւէ իրադարձություն քննարկում Գեւորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում:

 

Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի նկատմամբ:

 

Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը թերեւս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գեւորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: