Հայաստանի հետ հակամարտության ֆոնին՝ Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին էլեկտրոնային լրտեսական կայաններ կառուցել երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի մոտ: Այս մասին ասված է իտալական «Միջազգային հարաբերությունների վերլուծության ինստիտուտի» հոդվածում։
Ըստ հոդվածի՝ ադրբեջանա-հայկական հակամարտությունը սկսելուց հետո Իսրայելը արդյունավետ դաշինք է ստեղծել Ադրբեջանի հետ և երկրին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել։ Իտալական ինստիտուտի հոդվածում նշվում է, որ 2015-2019 թվականներին Իսրայելն է եղել Ադրբեջանի միջին տարեկան զենքի գնման 60 տոկոսի աղբյուրը։
«Ի՞նչ է շահում Իսրայելն այս դաշինքից։ Նախ, այն բացում է հակաիրանական ուղղվածությամբ գերակա ռազմական հետախուզական ենթակառուցվածք ունենալու հնարավորություն, որը ռազմավարականորեն տեղակայված է Ադրբեջանի տարածքում, Իրանի հետ սահմանին։ Իրոք, երկու երկրներն էլ կիսում են Իրանին զսպելու ցանկությունը։Հետևաբար, Բաքվի և Թել Ավիվի համագործակցությունը ներառում է Ադրբեջանի հարավային սահմաններում էլեկտրոնային լրտեսական կայանների կառուցումը, դրանով իսկ վերահսկելով Իրանի գործունեությունը: Բացի այդ, Բաքուն «Մոսադին» թույլ կտա իր տարածքում ստեղծել օպերացիաների առաջադեմ բազա՝ Իրանի ներսում գործողություններ իրականացնելու համար և Իսրայելին հասանելի դարձնել օդանավակայանները, եթե Թել Ավիվը կարիք ունենա հարձակումներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների վրա»,- ասվում է հոդվածում։