Հետևեք մեզ։

Դավիթ Բաբայանին ամեն գնով գերեվարելու պատճառն, իրականում, Ալիևի տիկնոջ հետ կապված միջադեպն է եղել․ մանրամասներ

14:35, 23 հոկտեմբեր 2023
Դավիթ Բաբայանին ամեն գնով գերեվարելու պատճառն, իրականում, Ալիևի տիկնոջ հետ կապված միջադեպն է եղել․ մանրամասներ

Մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները ցանկացել պարտադիր գերեվարել Արցախի նախագահի նախկին խորհրդական, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որը համաձայնել է ինքնակամ հանձնվել թշնամուն։ Մամուլում առաջ քաշված վարկածներից մեկով՝ ադրբեջանցիները միջնորդների միջոցով փոխանցել են Բաբայանին, որ կամ նա ինքնակամ հանձնվում է, կամ որդիների մասին կարող է մոռանալ։ Մյուս վարկածի համաձայն էլ՝ Ադրբեջանը պատվիրակների միջոցով տեղեկացրել է իշխանություններին, որ եթե Բաբայանը չմեկնի Շուշի, քաղաքացիների հոսքը դեպի ՀՀ կդադարեցնեն փակելով Հակարի կամուրջը։

 

Hayastan.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել ադրբեջանցիների կողմից Դավիթ Բաբայանին ամեն գնով պատանդ վերցնելու իրական շարժառիթների մասին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա անձամբ Իլհամ Ալիևի հրահանգն է եղել՝ պատժելու Բաբայանին տարիներ առաջ իր կնոջ հասցեին ռեպլիկ բաց թողնելու համար։ Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո Դավիթ Բաբայանը եվրոպական մայրաքաղաքներից մեկում (որոշ տեղեկություններով՝ դա եղել է Փարիզում) մի կոնֆերանսի շրջանակում Դավիթ Բաբայանը միջանցքում պատահաբար հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային։ Վերջինս ճանաչելով Բաբայանին՝ սպառնալիքով լի ինչ-որ ռեպլիկ է բաց թողել արցախցի բարձրաստիճան պաշտոնյանի հասցեին։ Դավիթ Բաբայանն էլ պատասխան ռեպլիկով է արձագանքել Ալիևի տիկնոջը՝ փորձելով նրան «տեղը դնել»։ Այս միջադեպի մասին իմացել է Իլհամ Ալիևն ու ոխ է պահել Բաբայանի հանդեպ։ Ու հիմա, երբ իրեն հնարավորություն էր ընձեռվել անարգել մտնել Ստեփանակերտ և գերի վերցնել իր նախընտրած արցախցիներին, Ալիևը պարտադիր պահանջ է դրել, որ Դավիթ Բաբայանը պետք է անպայման գա և հանձնվի իրեն՝ չփորձելով ինչ-որ ճանապարհներով խուսափել դրանից, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը սպառնացել է, որ նրա պատճառով կտուժեն մյուս՝ շարքային արցախցիները։ Դավիթ Բաբայանն էլ, որպես պարկեշտ ու հայրենիքի մասին մտածող մարդ, ինչպես ինքը գրել էր իր վերջին հրապարակման մեջ, գնացել է Շուշի և ինքնակամ հանձնվել ադրբեջանցիներին։ Այս պատմությունը մենք լսել ենք արցախցի մի քանի իրազեկ աղբյուրից, որոնք վստահեցրին, որ Բաբայանին ամեն գնով գերի վերցնելու նպատակը հենց սա է եղել, քանզի Դավիթ Բաբայանը՝ որպես գիտությամբ զբաղվող համեստ ու ոչ ռազմականացված պաշտոնյա, իր տեսակով այն կերպարը չի եղել ադրբեջանցիների համար, որ ատամ ունենային նրա վրա։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ