Հետևեք մեզ։

Կուլտուրական մարդ Վարդանյան Վովան ասել է՝ ում վրա ուզենամ, կգոռամ, Մհերն էլ ասել է՝ չես կարա․ Աղվան Վարդանյանը միջադեպից մանրամասներ է պատմում

13:30, 31 մարտ 2023
Կուլտուրական մարդ Վարդանյան Վովան ասել է՝  ում վրա ուզենամ, կգոռամ, Մհերն էլ ասել է՝ չես կարա․ Աղվան Վարդանյանը միջադեպից մանրամասներ է պատմում

Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած դեպքի մասին Hayastan.news-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ թեև ինքը ականատես չէ, բայց ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․

 

 «Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։

Դրանից հետո, ըստ Վարդանյանի, անմիջապես ոստիկանները եկել են «Հայաստան» խմբակցություն և Մհեր Սահակյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հարցին՝ ո՞վ է դիմել ոստիկանություն, մեր զրուցակիցն ասաց՝ ենթադրում է, որ հենց Վլադիմիր Վարդանյանը։

Hayastan.news-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դրանից հետո իրավապահ մարմինները ԱԺ-ից տարել են ընդդիմադիր պատգամավորին։ ՔՊ-ականները հայտնում են, թե « Մհեր Սահակյանը «հարձակվել և մարմնական վնասվածքներ է հասցրել «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին», որը հետո տեղափոխվել է հիվանդանոց։

 

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական