Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է երկրի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: