Հետևեք մեզ։

Ես ասել եմ` Վլադիմիր ջան, հանգստացիր, թող մենք քննենք, և եթե պետք լինի պատժել, մենք կպատժենք, բայց այստեղից դուրս չգա. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

11:26, 03 ապրիլ 2023
Ես ասել եմ` Վլադիմիր ջան, հանգստացիր,  թող մենք քննենք, և եթե պետք լինի պատժել, մենք կպատժենք, բայց այստեղից դուրս չգա. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Նախորդ շաբաթ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։ Վերջինս բռունցքով հարվածել էր Վարդանյանին, որից հետո Վարդանյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ Սահակյանը՝ ոստիկանություն։ Նա այս պահին ձերբակալված է։ Միջադեպին ներկա է եղել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որի հետ Hayastan.news-ը զրուցել է այս թեմայով։

-Պարո՛ն Մինասյան, Դուք տեսակցե՞լ եք Ձեր գործընկերոջը, ի՞նչ վիճակում է նա գտնվում, և ի՞նչ կարող եք ասել իշխանությունների վարած քարոզչության հետ կապված․ տեսանյութ հրապարակեցին՝ հայտարարելով, թե նա փախել է հանձնաժողովի նիստից այդ ծեծկռտուքից հետո։

-Շատ հստակ է երկու կարևոր բան․ անցանկալի միջադեպը, որ տեղի ունեցավ, մենք փորձել ենք, որպես «Հայաստան» խմբակցություն, ամեն կերպ նպաստել, որպեսզի այդ միջադեպը հավուր պատշաճի, նաև քաղաքական հարթության մեջ, երկխոսության միջավայրում քննության առարկա չդառնա և, այսպես կոչված, էսկալացիա չլինի։ Բայց մենք տեսանք, թե ինչպես անմիջապես հետո ոչ միայն Ալեն Սիմոնյանն իր պահվածքով, իր սպառնալիքներով, այլ նաև իշխանական քարոզչամեքենան, խախտելով բոլոր տիպի կանոնները, նորմերը, այլանդակ քարոզչություն սկսեցին ձևավորել։ Ես՝ ինքս, ներկա եմ եղել այդ սենյակում։ Այո, Մհեր Սահակյանը արագ դուրս է եկել սենյակից, սենյակից չի փախել ինքը, ինչպես իրենք փորձում են ձևակերպել, հետագայում, երբ որ ապօրինաբար էդ տեսագրությունները սկսեցին տարածել, դա էլ մի օրենքի խախտում է։

-Բայց երևում է, որ ակնհայտ վազքով հեռանում է։

-Ասեմ, հնարավոր է՝ այդ ընթացքում, երբ փորձում էինք մենք զսպել և հանձնաժողովի սենյակի ներսում հարցը կարգավորել միանգամից, աղմուկը, որ բարձրացավ, և Վլադիմիր Վարդանյանը միանգամից դուրս եկավ, իր հետևից էլ հավաքվեցին հսկայական ՔՊ-ական շքախմբերը, և սպառնալիքները՝ հաշվեհարդար տեսնելու և այլն, դա բերում է նրան, որ պետք չի՝ այդ առճակատումը այդպես լինի։

-Շա՞տ էին ՔՊ-ականները, քանի՞ հոգի էին հանձնաժողովում։

-Հանձնաժողովում Վիգեն Խաչատրյանն էր, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմությունից Մհերն էր Սահակյան, Գեղամ  Նազարյանը, ես և միջազգային ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

-Այսինքն՝ դուք ընդդիմադիր տղամարդկանցով ավելի շատ եք եղել, քան ՔՊ-ի տղամարդիկ, որովհետև ասում են՝ եթե նույնիսկ փախել է, ապա ճիշտ է արել՝ փախել է, որ իրեն շատով չծեծեին։

-Բայց էդպիսի հարց չի եղել այնտեղ, ընդհանրապես, այդպիսի խնդիր չկա, մենք հո չէի՞նք մտել այնտեղ քննարկման՝ ծեծկռտուք հրահրելու կամ անելու համար։ Ի վերջո,  մենք այնտեղ շատ լուրջ հարցեր էինք քննարկում։

-Ի վերջո, ինչո՞ւ հարվածեց Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին։ Ի՞նչը դրդեց նրան։

-Այդ պրեցեսն այնքան արագ տևեց, որ նույնիսկ մենք՝ ո՛չ ես, ո՛չ Գեղամ Նազարյանը նույնիսկ չէինք հասցնում, որ չթողնենք, շատ արագ տևեց դա։

-Հայհոյանք եղե՞լ է Վարդանյանի կողմից։

-Ոչ, ոչ մի կողմից հայհոյանք չի եղել։ Վլադիմիր Վարդանյանի՝ արագ տեղից վեր կենալը, Մհերի դիտողությունը, թե «մի՛ գոռգոռա, գոռգոռալ մենք էլ կարող ենք, հանգիստ նիստը վարի», դրան հաջորդեց Վլադիմիր Վարդանյանի՝ նույն տոնով շարունակությունը, ասաց՝ «լավ եմ անում, ում վրա ուզենամ, երբ ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասաց՝ «չես կարող», նա էլ թե՝ «կարող եմ, ձեռքը խփեց սեղանին ու միանգամից ելավ առաջ»։ Այ սա այնքան արագ տևեց, կայծակնային արագություն էր։

-Եթե նորից վերհիշում եք այդ դրվագները, կարիք կա՞ր ֆիզիկական կոնտակտի դիմել, հարվածել, թե՞ կարելի էր այլ կերպ հարթել իրավիճակը։

-Հիմա, որ սառնասիրտ ես նայում, իհարկե, պիտի երկկողմանի զսպում լիներ։ Էմոցաների՝ այդ պահի ազդեցությունը, եթե մարդիկ կարողանային զսպել, կարող էր նաև չլիներ դա։ Բայց, պրոբլեմը նա է, որ տևական ժամանակ է՝ նման քննարկումների վարման ժամանակ պատասխանատուները չեն հասկանում, որ անհրաժեշտ է նիստը այնպես վարել, որ երկխոսության մթնոլորտ տեղի ունենա, ոչ թե առճակատման, ոչ թե հրահրել, սադրել ինչ-որ մի բան։

-Վլադիմիր Վարդանյանը, երբ հիվանդանոցից վերադարձավ, լրագրողների հետ ճեպազրույցում Ձեր և Գեղամ Նազարյանի անունը տալով՝ ասաց, որ դուք միջադեպից հետո մոտեցել եք իրեն, ասել եք՝ «ոչինչ, թյուրիմացություն է եղել», ու նաև ասել եք՝ դուք կպատժեք ձեր գործընկերոջը, որպեսզի տեղում հարթվի ամեն ինչ։ Այդպիսի բան եղե՞լ է։

-Չէ, այդպիսի բան չի եղել, եղել է հետևյալը, երբ այդ հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանը գետնին էր ընկած, ուզում էր վեր կենալ, այդ պահին եմ ես ասել, և բարձրացնելով՝ խնդրել եմ, ասել եմ՝ Վլադիմիր ջան, հանգստացիր, թող մենք քննենք, և եթե պետք լինի պատժի, մենք կպատժենք, հարցն այստեղից դուրս չգա, այս ամեն ինչը՝ շատ լավ հասկանալով, որ դա կարող է բերել նոր՝ ավելի մեծ լարվածության։

-Ամեն դեպքում ասել եք, որ եթե պետք լինի պատժել, դուք կպատժեք։

-Այո, որ պետք լինի․․․ Բայց նպատակը այն էր, որ նախևառաջ հանգստացնեմ այդ պահին, իսկապես, նաև նստել, հասկանալ, քննել այդ իրավիճակը։ Բայց, ցավոք, ոչ միայն չկարողացա, ինձ չհաջողվեց կանգնեցնել Վլադիմիր Վարդանյանին, այլ նաև մյուս ՔՊ-ականներին և աշխատակազմի այն անձանց, որոնք հասան դեպի մեր խմբակցություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ