Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին, հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ:
Ինչպես հայտնում է Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության եւ ԿԽՄԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետեւանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Վարչապետի խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարեւորագույն դեր ու նշանակություն:
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Տիկին Սպոլյարիչը նշել է նաեւ ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ նրանց ընտանիքների միջեւ կապ ապահովելու համար: