Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը (WWF-Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Այս մասին տեղեկացրին WWF-Հայաստանից։
«Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։ «Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշել կազմակերպության հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։