ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցնում է լարված մթնոլորտում: ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարբերաբար փորձում է դիտողություններ անել նիստը վարող Թագուհի Թովմասյանին` հորդորելով «հավաքել իրենց թեկնածուին», թույլ չտալ, որ նա ռեպլիկներ անի:
«Որպես հանձնաժողովի նախագահ ապահովեք նիստի բնականոն ընթացքը, եթե ձեր առաջադրած թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո, Դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն աշխատանքը կատարելու համար»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Ի պատասխան Թագուհի Թովմասյանը կոչ արեց չսպառնալ իրեն։
«Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք և դավաճանեցիք մեր թիմին»,- ասաց ՔՊ-ականը, ինչին ի պատասխան Թագուհի Թովմասյանը նշեց․ «Ուրեմն դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր արժեքներին, ձեր անցյալին և այն խոստումներին, որոնցով եկել եք իշխանության, մի մտեք այլ դաշտ և մի փորձեք այսուհետ սադրել իրավիճակը»։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ ՔՊ-ականները եկել են սադրելու և եթե որևէ միջադեպ տեղի ունենա, պատասխանատվությունը կրելու է ՔՊ խմբակցության քարտուղարը։
Տասնվեց հոգով նիստին ներկայացած ՔՊ-ականները բավականին ագրեսիվ են տրամադրված Ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ:
«Դուք դավաճանեցիք մեր թիմը», «Դավաճանը Դուք եք». լարված իրավիճակ ԱԺ-ում (տեսանյութ)
11:42, 04 ապրիլ 2023