Ավտոներկրողների մասով խարդախություններ ենք տեսել. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
14:53, 06 ապրիլ 2023
Բազմաթիվ տնտեսվարողներ, որոնց համար ռուս-ուկրիանական պատերազմը նպաստավոր իրավիճակ էր ստեղծել, որ երրորդ երկրներից Հայաստանի միջոցով ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանելու հարցում, այսօր սկսել են կանգնել խնդրի առաջ։ Բանն այն է, որ եվրոպական երկրները սկսել են արգելքներ դնել Հայաստան արտահանվող ապրանքների վրա, որ այստեղից ՌԴ չարտահանվեն դրանք՝ Հայաստանը դարձնելով որպես տրանզիտ երկիր։ Hayastan.news-ին ասացին՝ ամերիկյան հայտնի Coopart ավտոաճուրդների կայքն է սահմանափակումներ մտցրել Հայաստան ներկվող մեքենանորի համար, քանի որ հասկացել են՝ դրանց մեծ մասը հետո Ռուսաստան է արտահանվում։
Այս դիտարկումներն այսօր ներկայացրինք ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ինչին ի պատասխան նախ նկատեց, թե Հայաստանը շահագրռված չէ որևէ կերպ որևէ տրանզիտ գոտում հայտնվելու և տրանզիտ երկրի որևէ առավելությունից օգտվելու։ «Այսինքն՝ այդ իրավիճակում չէ Հայաստանը, և Հայաստանի Հանրապետությունը որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկում։ Մնացած հանգամանքները, չգիտեմ՝ տնտեսվարողներն ինչը ինչին են վերագրում, բայց մենք գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»,-ասաց Ռուստամ Բադասյանը։
Նա նաև հայտնեց, որ նույն ավտոներկրողների հետ կապված՝ մեր օրենսդրության շրջանակներում այլ խնդիր կա, որը ավելացված արժեքի հարկի վերադարձներին է վերաբերում։ «Եւ նմանատիպ դեպքերին չենք կարող չարձագանքել, և հիմա Քննչական կոմիտեի վարույթում բազմաթիվ քրեական վարույթներ կան, որը ՊԵԿ-ն է նախաձեռնել նախնական հաշվարկներով, որտեղ մենք խարդախություններ ենք տեսել, ու հիմա գործով զբաղվում են»,-ասաց ՊԵԿ նախագահը։