Հետևեք մեզ։

«Սեւ ուրբաթ»-ի եւ Ամանորի ընթացքում եղած դիտարկումներից հետո 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել

16:03, 18 փետրվար 2023
«Սեւ ուրբաթ»-ի եւ Ամանորի ընթացքում եղած դիտարկումներից հետո 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել

«Սեւ ուրբաթ»-ի եւ Ամանորի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում շուրջ 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի եւ այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը, որը վարում էր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գեւորգյանը, տնտեսավարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպումը նպատակ ուներ եւս մեկ անգամ իրազեկել տնտեսավարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաեւ լսել նրանց կողմից իրավակիրառման փուլում ծագած մտահոգությունները, վեր հանել օբյեկտիվ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար:

Տիգրան Մարկոսյանը նշել է, որ թե՛ օրենքի նախագծման փուլում, թե՛ ընդունումից հետո տարբեր ձեւաչափերով իրազեկման միջոցառումներ են իրականացվել այս թեմայով: Ընդունված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ հանձնաժողովն առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, իսկ «Սեւ ուրբաթ»-ից սկսած արդեն ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, որի արդյունքում շուրջ 30 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել:

 

ՄՊՀ անդամն ընդգծել է, որ որոշ տնտեսավարողներ ի սկզբանե ընդունել են թույլ տրված վրիպումները՝ խնդրելով կիրառել արագացված վարույթ, ինչը լրջագույն քայլ է, քանի որ պետությունը եւ տնտեսավարող սուբյեկտները համագործակցության մթնոլորտում են աշխատում:

 

Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ մինչեւ այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ակցիաների առնչությամբ որեւէ հստակ իրավակարգավորումներ առկա չէին, ինչը հանգեցրել էր նրան, որ զեղչ երեւույթին սպառողներն առհասարակ դադարել էին հավատալ:

Հանդիպման ընթացքում տնտեսավարողները բարձրացրեցին տարբեր հարցեր, որոնք առնչվում էին մասնավորապես միջին գնի հաշվարկին, իրազեկման պահանջներին եւ այլ խնդիրների: 

 

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ տնտեսավարողները 15-օրյա ժամկետում կարող ենք գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, ինչպես նաեւ դիմել առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: