Հետևեք մեզ։

ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել, այրվածքներ ստացած պահակի վիճակը ծանր է

11:44, 11 փետրվար 2023
ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել, այրվածքներ ստացած պահակի վիճակը ծանր է

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։

 

Օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 

 

911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։

 

Հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։

 

Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։ 

 

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։