Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել սահմանադրական փոփոխությունների մասին.
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ:
Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդա֊իշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների:
Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել եմ երկրում ստեղծված վիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները:
Երեկ արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների առաջարկին, հանդիպել նրանց հետ, տեղի է ունեցել կառուցողական քննարկում, որի ընթացքում բարձր եմ գնահատել ներկաների՝ Արցախի ապագայի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու անզիջում պայքարի պատրաստակամությունը: Լսելով ներկայացված մտահոգություններն ու խնդիրները, ընդունել եմ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները:
Հարգելի ՛ հայրենակիցներ, այս և այլ հարցերի վերաբերյալ փետրվարի 23-ին հանդես եմ գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնամ Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու մեր հետագա քայլերին»: