Հետևեք մեզ։

Ես ինքս ինձ կանլրջացնեմ, երբ ասեմ` Նիկոլը դավաճան է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

14:06, 12 ապրիլ 2023

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակից էր, Hayastan.news-ի հետ զրույցում փորձեց վստահեցնել, թե իր հռետորաբանությունը չի փոխվել իշխանությանն ու անձամբ Փաշինյանին քննադատելու հարցում։

 

«Ես ծանոթ եմ այդ ֆեյսբուքյան արշավներին էլ, քննադատություններին էլ։ Տխուր եմ ես այդ մարդկանց համար, որոնք  նման արշավներ են իրականացնում»,-ասաց Գեղամ Նազարյանը։

 

Դիտարկմանը, որ ինքը ժամանակին «դավաճան» էր անվանում Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր ՔՊ-ականներին նույնիսկ արդարացնող ելույթներ է ունենում կամ շատ մեղմ գնահատականներ է տալիս նրանց, Նազարյանն ասաց․ «Ուրեմն, ՔՊ-ականներին արդարացնող որևէ ո՛չ գրառում եմ արել, ո՛չ ելույթ եմ ունեցել, մանիպուլյատիվ պնդում է։ Իսկ ինչ վերաբերում է, որ բառապաշար է փոխվել, թե ինչ է փոխվել, ոչինչ էլ չի փոխվել։ Ուղղակի հանրահավաքում այլ ելույթ եմ ունենում, Ազգանին ժողովում այլ ելույթ եմ ունենում, բայց էությունը դրանից չի փոխվում։ Իսկ էությունը իմ ասածների մեկն է և մնում է նույնը, որ այն, ինչ եղավ Հայաստանում, հատկապես պատերազմից հետո, դա ունի իր օրենքները։ Այդ օրենքները հետևյալն են՝ այն ուժը, որի ժամանակ, որի ղեկավարմամբ տեղի ունեցավ պատերազմ և պարտություն, իրավունք չունի աշխարհի որևէ օրենքով շարունակել ղեկավարել երկիրը»։

 

 

-Դուք հիմա շարունակո՞ւմ եք պնդել, համարել, որ այդ ուժը դավաճան ուժ է։

 

-Ես երբեք ու երբեք որևէ մեկին դավաճան չեմ անվանի, որովհետև եթե ես չեմ կարող ապացուցել, որ նա դավաճան է, ես էդ բառը երբեք չեմ ասել ու չեմ ասելու։

 

-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն չէ։

 

-Ե՞ս եմ որոշում՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է կամ դավաճան չէ։ Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, հայտարարություններով, բանակցային պրոցեսում իր վարած քաղաքականությամբ երկիրը բերեց աղետի, որից հետո ինքը պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր, հրաժարական տար և պետք է լինի հայկական Նյուրնբերգյան դատավարություն, և հենց ինքը հանդես գար նման նախաձեռնությամբ։

 

-Այդ դեպքում Ձեր թիմակիցներն ինչո՞ւ էին հանրահավքների ժամանակ գոռում՝ «Նիկո՛լ, դավաճան»։

 

-Իրենց հարցրեք։ Գնահատականներ տալուց ամեն մեկն ընտրում է իր բառապաշարը, իր խոսույթը։ Իմ մոտ չկան նման բառեր․․․․

 

-Այսինքն՝ ձեր խմբակցության անդամ հանդիսացող «Դաշնակցությունը» երբ գոռում էր՝ «Նիկոլը դավաճան է», Դուք դրա հետ համաձայն չէի՞ք։

 

-Դուք հիմա հարց եք տալիս, որ վերնագիր դնեք, որ Գեղամն ասում է՝ Նիկոլը դավաճան չէ։ Ես կրկնում եմ, եթե ես վստահ լինեմ և կարողանամ ապացուցել դատարանում, որ Նիկոլը դավաճան է, ես հենց հիմա կգնամ ու կասեմ՝ դավաճանության հիմքով այս գործը հարուցեք։ Ես ինքս ինձ կանլրջացնեմ, երբ ասեմ՝ Նիկոլը դավաճան է։ Էմոցիոնալ տիրույթում և էժան հեղինակություն վաստակելու համար ես կարող եմ ասել՝ Նիկոլը դավաճան է, Նիկոլը մարդասպան է, չգիտեմ ինչ է․․․

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ