Հետևեք մեզ։

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

22:34, 19 փետրվար 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Ըստ աղբյուրի՝ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը:

 

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը:

 

Նշվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն: