Ըստ տեղեկությունների` մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է եղել։ Ես նորից ասում եմ՝ մեկ տարի առաջ, 2022-ի օգոստոսին, Բերձորի և Աղավնոյի հանձնումից հետո, ճանապարհի այդ խնդրի ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանը ժամանակ է խնդրել՝ մինչև ապրիլի 1-ը Տեղ-կոռնիձոր ճանապարհը ամբողջացնելու։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ամենախայտառակ դրվագը դրա՝ մարտի 30-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որտեղ նա հանգիստ զեկուցում է՝ ամսի 1-ից Տեղ-Կոռնիձոր ճանապարհը շարունակվելու է, բլա-բլա-բլա։ Վերջում էլ հայտարարում է, թե ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են հայտնվում՝ արդեն մարտի 30-ին թշնամին առաջխաղացում էր ունեցել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Տեղ գյուղի դեպքերից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարն ազատվեց պաշտոնից, հնարավո՞ր է՝ Փաշինյանի հանձնարարությունը ձախողողը հենց նա է եղել, և արդյոք սա նորմա՞լ երևույթ է։ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում այդ աննորմալությունը չորս տարի՝ կա։
«Միշտ փորձում են քավության նոխազներ գտնել։ Ես ոչ սահմանապահ զորքերի հրամանատարի փաստաբանն եմ, ոչ էլ թշնամին եմ։ Միշտ փորձում են ինչ-որ մեկի վրա ամբողջ մեղքը բարդել։ Ես պատգամավորական հարցում էի ուղարկել մինչ այդ ԱԱԾ, թե արդյոք ծառայողական քննություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե ծառայողական քննություն իրականացվում է, ու սահմանապահ զորքերի հրամանատարին հանում են, նշանակում է՝ ծառայողական քննությունն ավարտվել է։ Բայց երեկվա մեր փակ հանդիպումից կարելի է տպավորություն ունենալ, որ ծառայողական քննությունը չի ավարտվել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։