ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 35 դեպքով իրականացվել են նաև տարբեր տեսակի ապրանքների հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկությունները, կատարված 8 հսկիչ գնումների ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, 3 դեպքում էլ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։
Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։
Հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։