Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում երկու նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են նաև այլ երկրներում։ Կան զոհեր և ավերածություններ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկու երկրաշարժերի հետևանքով նախնական տվյալներով`զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել՝ 219-ը։
Հաթայի շրջանի ղեկավար Լյութֆյու Սավաշը հայտնել է, որ կան տուժածներ, որոնք գտնվում են փլատակների տակ։ Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դեֆնե թաղամասում ավերված տներ կան։
Սամանդաղ քաղաքում կին է մահացել, չորս մարդ փլատակների տակ է, հայտնում է CNN Türk-ը։
Սիրիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է զոհվել։
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է սիրիական Ալ-Աթարիբում։
Առնվազն վեց մարդ վիրավորվել է Հալեպում, հայտնում է SANA-ն։ Ար-Ռազի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ քաղաքում մի քանի տներ են փլուզվել, բուժհաստատություն է դիմել 47 մարդ։