ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, այսօր վստահություն է հայտնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ ընդունելով ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:
Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հարցեր։
Տոմատի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները երեկ են ժամանել Հայաստան։ Եվրամիությունը տեղեկացրել է, որ100 դիտորդներից 50-ն անզեն են՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են։
Եվրամիությունը վերահաստատել է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։