Երթևեկության կազմակերպումն առավել անվտանգ ու կանոնակարգված դարձնելու նպատակով էլեկտրոնային համակարգեր ներդնելու խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և չինական «Հայսենս» (Hisense) ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը հետաքրքրված է և ուսումնասիրում է նոր տեխնոլոգիական լուծումներն ու քայլեր ձեռնարկում «խելացի» համակարգեր ներդրնելու նպատակով:
Մերձավոր արևելքում «Հայսենս»-ի վաճառքի տնօրեն Էթան Մային և լուծումների գլխավոր պատասխանատու Ֆրենկի Յանգը, ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել են, որ ավելի քան 25 տարվա փորձի շնորհիվ Չինաստանի խոշոր քաղաքների մեծ մասի, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինի երթևեկությունը կազմակերպվում է հենց ընկերության «խելացի» համակարգերով: Հյուրերը ներկայացրել են նաև Երևանում արված որոշակի ուսումնասիրությունները:
Լուսացույցների թողունակության արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա ավելացնել փոխադրամիջոցների միջին արագությունը՝ միաժամանակ մեծացնելով երթևեկության անվտանգության մակարդակը: Մասնագետները նաև համոզմունք են հայտնել, որ նոր համակարգի ներդրումն էապես կնպաստի քաղաքի բնապահպանական խնդրի լուծմանը:
Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նշել է, որ երթևեկության էլեկտրոնային կառավարման համակարգը «Անվտանգ և խելացի քաղաք» նախագծերի կարևոր բաղադրիչն է: Այդ նպատակով պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում ոլորտի միջազգային առաջատար խոշոր ընկերությունների հետ՝ լավագույն լուծումները տեղայնացնելու համար: