Հետևեք մեզ։

Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան

19:57, 20 սեպտեմբեր 2024
Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր ելույթում նա  մասնավորապես ասելէ.

 

«Հանձնաժողովին ներկայացված իմ գրավոր վկայության մեջ ես ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր և մանրամասներ։

Ես այսօր ելույթ կունենամ և որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ, որն իր և իր ընտանիքի օրինակով տեսել և իր վրա զգացել է Ադրբեջանի կողմից համակարգային կերպով վարված ցեղասպանական քաղաքականության հետևանքները, վախի և ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո բռնությամբ տեղահանվել իր հայրենիքից, և որպես Օմբուդսման, որը, իր առաքելության բերումով դարձել է մարդկության դեմ ուղղված սարսափելի հանցագործությունների վկան և փաստագրողը։
Երբ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը կեղծ էկոլոգիական պատճառներով շրջափակեց Լաչինի միջանցքը, ես երեք ամիս չկարողացա վերադառնալ տուն, ես մարդու իրավունքների պաշտպան էի, որը չէր կարողանում գնալ այն ժողովրդի մոտ, որի իրավունքները պետք է պաշտպաներ։ Երեք ամիս անց ես կարողացա վերադառնալ Արցախ անտառային ու լեռնային ճանապարհներով՝ այնպիսի ճանապարհներով, որոնցով անցնելը խիստ վտանգավոր էր։

 

Երբ իմ աչքերով տեսա, թե ինչպես են մարդիկ, այդ թվում 30 հազար երեխաներ, ցուրտ պայմաններում առանց գազի, էլեկտրականության պարբերական անջատումներով, ամենօրյա հացի փնտրտուքներում, փորձեցի առավել շատ պատմել աշխարհին՝ հույս ունենալով ջարդել անտարբերության այն պատը, որ ստեղծվել էր Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Բայց ապարդյուն։

Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների և նրանց տառապող ծնողներին։ Ես տեսել եմ դեղորայքից զրկված քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց և ամենօրյա հացի համար պայքար տվող տարեցների և հաշմանդամների։ Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, և այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ։ Ես լսել եմ արցախցի բժիշկներին, որոնք անընդհատ ահազանգում էին հղիների մոտ թերսնման և վիժման դեպքերի մասին։
Միևնույն ժամանակ ես տեսել եմ իրենց իրավունքների համար ամեն օր պայքարող մարդիկ, որոնց միակ նպատակը սեփական հողում արժանապատիվ ապրելն էր։

 

9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա սեպտեմբերի 19-ին՝ մեկ տարի առաջ այս օրը։ 24 ժամ շարունակ ռմբակոծություններն ու հրետակոծությունը չէին դադարում, Ադրբեջանը ավերում էր ամեն ինչ, կտրում համայնքների միջև ճանապարհները՝ չթույլատրելով անգամ մահացածների դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ 

 

Սեպտեմբերի 24-ից սկսած ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի ներքո Արցախի ամբողջ բնակչությունը լքեց Արցախը։ Անհուսության և քաոսի մատնված մարդիկ, որոնք թողնում են իրենց տները՝ չիմանալով ինչ է սպասվում իրենց։ Ֆրիդոմ հաուսը այդ իրադարձությունները որակում է որպես էթնիկ զտում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան՝ որպես ցեղասպանություն։

Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արվում Արցախից, մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։

 

Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ նաև կանխելու համար Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հանրային ու մասնավոր սեփականության ոչնչացումն ու յուրացումը։

 

Անհրաժեշտ է ստեղծել միջազգային համապատասխան հարթակ, որտեղ կհասցեագրվի Արցախի ժողովրդի հավաքական, արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրացման հնարավորությունները՝ կատարելու համար ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը...»։